Հայաստանի Առաջին Դեմոկրատական Հանրապետություն

Հայաստանի Առաջին Դեմոկրատական

Հանրապետություն

1918 թվականի մայիսի 28-ին` մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականներն ու սովը, ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն: Առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը բռնի ձևով խորհրդայնացվեց:

Կարևոր փաստեր

1918 թվական

  • 1918թ հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հ. Քաջազնունի, արտաքին գործերի նախարար՝ Ա. Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Ա. Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հ. Հախվերդյան, արդարադատության նախարար՝Գ. Պետրոսյան:
  • 1918թ. նոյեմբերին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարություն:
  • 1918թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն):
  • 1918թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը եւ Լոռին:
  • 1918թ. դեկտեմբերի 13-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված:
  • Դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլուում:
  • 1918թ. դեկտեմբերի 28-ին կողմերի միջեւ կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին:

1919 թվական

  • 1918թ. աշնանից մինչեւ 1919թ գարուն սովի եւ համաճարակների հետեւանքով մահացավ մոտ 150.000 մարդ:
  • 1919թ. փետրվարին երկրի ծանր դրությունը Հայաստանի խորհրդին ստիպեց դիմել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի օգնությանը:
  • 1919թ. հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին խորհրդարանական ընտրությունները: Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ, 1-ը՝ եզդի:
  • 1919թ. հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար Թուրքիան եւ Ադրբեջանը ջանք չէին խնայել:

1920 թվական

  • 1920թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որը հեղինակել էին Ալեքսանդր Թամանյանը եւ Հակոբ Կոջոյանը: Օրհներգ ընդունվեց Միքայել Նալբանդյանի «Մեր հայրենիք» երգը, որի երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը:
  • 1920թ. աշնանը հայկական բանակն ուներ 40.000 զինվոր:
  • 1920թ. մարտին ստեղծվեց երդվյալ ատենակալների դատարանը:
  • 1920թ. ապրիլին ստեղծվեց ազգային դրամը:
  • 1920թ, մայիսի 1-ին Երևանում եւ մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան հակակառավարական ցույցեր:
  • 1920թ. մայիսի 5-ին խորհրդարանի արտակարգ նիստում հրաժարական տվեց Ա. Խատիսյանի կառավարությունը: Ընտրվեց նոր կառավարություն Համազասպ Օհանջանյանի գլխավորությամբ:
  • 1920թ. հունվարին Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացիորեն ճանաչեց Հայաստանի անկախությունը:
  • 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևրում համաշխարհային պատերազմում հաղթած երկրների եւ սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ կնքվեց հաշտության պայմանագիր: Նրանով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրեւ ազատ եւ անկախ պետություն:
  • 1920թ. սեպտեմբերի 23-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը: ՀՀ վրա հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսն էր, որն ուներ 30 հազար զինվոր:
  • 1920թ.-ի հոկտեմբերի 30-ին թշնամին գրավեց Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների եւ զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց: Երեք օր անընդմեջ թուրքերը Կարսում զբաղված էին իրենց հատուկ վայրագություններով, որոնց զոհ գնացին մոտ 6000 հայեր:
  • Նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր էին ՀՀ համար:
  • 1920թ. նոյեմբերի 23-ին Հ. Օհանջանյանի կառավարությունը հրաժարական տվեց եւ կազմվեց նորը` Ս. Վրացյանի գլխավորությամբ: Այն կոալիցիոն էր և կազմված էր ՍՀԿ հետ միասին:
  • Նոյեմբերի 24-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից: Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիային էր անցնում 1914թ. դրությամբ Արեւելյան Հայաստանի մեջ մտնող ավելի քան 20.000 կմ2 տարածք՝ Կարսը, Սարիղամիշը, Կաղզվանը, Արդահանը, Օլթին, Սուրմալուի գավառը: Փաստորեն հայ-թուրքական սահմանն անցնելու էր Ախուրյան եւ Արաքս գետերի հունով: Իսկ Նախիջեւանի, Շարուրի, Շահթախթի շրջանները ժամանակավորապես հանձնվում էին Թուրքիային, մինչեւ որ այնտեղ կանցկացվեր հանրաքվե, որին Հայաստանը չպետք է մասնակցեր:
  • 1920թ. ապրիլին խորհրդային զորքերը մտան Ադրբեջան և այնտեղ հաստատեցին խորհրդային կարգեր:
  • 1920թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների համագումար, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը:
  • 1920թ. հոկտեմբերի 14-ին Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց Հայաստանը խորհրդայնացնելու մասին:
  • 1920թ. նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը եւ Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշեւիկ Սարգիս Կասյանը, մտան Իջեւան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման եւ Հայաստանի խորհրդայնացման մասին:
  • 1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր: Դրանով Հայաստանը հռչակվում էր խորհրդային սոցիալիստական հանրապետություն, իշխանությունը անցնում էր ժամանակավոր Ռազմահեղափոխական կոմիտեին:
  • 1920 թ.-ի դեկտեմբերին ձերբակալվեցին ՀՀ բանակի 1.000-ից ավելի սպաներ, այդ թվում Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ, որոնց ոտքով քշեցին Ալավերդի՝ ճանապարհին նրանցից ոմանց սպանելով, բոլորին ծաղր ու ծանակի ենթարկելով: Ապա ձերբակալվածներին ուղարկեցին Բաքվի եւ Ռուսաստանի բանտեր: 1921թ. փետրվարին Դիլիջանի շրջանում գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի մեծ թվով հերոսներ, այդ թվում` Դանիել բեկ Փիրումյանը: Նրա եղբայր Պողոս բեկ Փիրումյանը, չդիմանալով կտտանքներին ու նվաստացումներին, ինքնասպանություն գործեց:

1921 թվական

  • 1921թ.-ի փետրվարի 13-ին սկսվեց ապստամբություն, որի ազդանշանը տվեցին Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները: Մինչեւ փետրվարի 17-ը ապստամբները գրավեցին Աշտարակը, Էջմիածինը, Բաշ-Գառնին, Ախտան (Հրազդան) և այլ բնակավայրեր: Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի եւ Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ մտան Երևան: Բոլշեւիկները եւ կարմիր զորամասերը հեռացան Ղամարլու (Արտաշատ): Բանտերից ազատվեցին Հովհաննես Քաջազնունին,Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը և 100-ավոր այլ պետական գործիչներ ու մտավորականներ:
  • 1921 թ.-ի մարտի 25-ին սկսվեց բոլշեւիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով: Նրանք գրավեցին Ապարանը, Կոտայքը եւ, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտան Երևան: Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվեց Երևանը հանձնել առանց մարտի:

ՀՀ Կառավարություն

Վարչապետեր

  • Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան) պաշտոնավարել է 30.05.1918 — 28.05.1919թթ.
  • Ալեքսանդր Խատիսյանը պաշտոնավարել է 28.05.1919 — 05.05.1920թթ.
  • Համո (Համազասպ) Օհանջանյանը պաշտոնավարել է 05.05.1920 — 25.11.1920թթ.
  • Սիմոն Վրացյանը պաշտոնավարել է 25.11.1920 — 02.12.1920թթ.
Հայաստանի առաջին Հանրապետության զինանշան
հեղինակներ` Ալեքսանդր Թամանյան, Հակոբ Կոջոյան
Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: